Երեխաները մտել են տուն՝ տեսել ադրբեջանցի զինվ...

Երեխաները մտել են տուն՝ տեսել են ադրբեջանցի զինվորականին իրենց տան երկրորդ հարկում։ Կանչել է երեխաներին սենյակ, դուռը փակել, որ դուրս չգան տնից, կերակուր է պահանջել, երեխաները հաց են տվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի վարչական շրջանի ղեկավար Արսեն Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինծառայողը մտել է Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ եղել է երկու անչափահաս երեխա։

«ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և մեր քաղաքացիների աչալրջության շնորհիվ, սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Ջ․Բաբաևը ձերբակալվել է»,- այսօր հայտարարել է ԱՀ դատախազությունը։

Արցախի Մարտակերտ վարչական շրջանի ղեկավար Արսեն Ավանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ երեխաները մոտ 2- 2.5 ժամ փակված են եղել, հետո երեխաներից մեկին ուղարկել է՝ իր համար ծխախոտ գնելու։ Երեխան դուրս է եկել և անմիջապես ահազանգել ոստիկանություն։

Ավանեսյանը պատմում է, որ ադրբեջանցի զինծառայողը նախ գտնվել է հարևանի տանը, որը ոչ բնակելի է, գիշերել այնտեղ։ Երեխաների ծնողները պատմել են, որ տան առաջին հարկում ձայներ են լսվել, բայց ուշադրություն չեն դարձրել՝ կարծելով, թե շուն կամ կատու է եղել, մինչդեռ պարզվել է, որ ադրբեջանցի զինծառայողն է եղել, ցանկացել է օգտվել պահածոներից։

«Առավոտյան ծնողները գնացել են աշխատանքի, երեխաներն էլ՝ բակում խաղալու, ադրբեջանցին բարձրացել է երկրորդ հարկ, երբ երեխաները եկել են տուն, տեսել են՝ տանը մարդ կա»,- նշեց նա։

Ավանեսյանի խոսքով՝ դեպքը խուճապ չի առաջացրել հանրության շրջանում, բայց մտահոգությունների տեղիք տվել է, այժմ բացատրական աշխատանքներ են տարվում՝ իրավիճակը շտկելու համար։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, Ավանեսյանը գտնում է, որ անվտանգային առումով դեռևս կան աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն, շատ տարածքներ կան, որոնք պետք է վերահսկվեն։