
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև տարածաշրջանային սպառնալիքները չեզոքացնելու համար հնարավոր դաշինքի մասին հայտարարությունը , ընդգծել է, որ դեռևս լիովին ծանոթ չէ նախաձեռնությանը, բայց ցանկանում է, որ «ամեն ինչ լինի դեպի լավը»։
«Անկեղծ ասած, ես լիովին չեմ հետևել այս հարցին, բայց թող լինի դեպի լավը», - Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Ավելի վաղ, Դևլեթ Բահչելին առաջարկել էր ռազմավարական դաշինք ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև՝ որպես հակակշիռ «չարիքի կոալիցիային», որը ներառում է Միացյալ Նահանգները և Իսրայելը։ Նա մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում ավելի քան 700 օր ցեղասպանություն իրականացնելու մեջ և ընդգծել, որ Իսրայելի սադրանքները անմիջական սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։