Երբ պատրաստ էր լինում ինչ-որ մի ռեֆորմ, որ պե...

Առանց ինստիտուցիոնալ արդարության և արդարադատության ներդրման և կայացման, երկրի զարգացումը պարզապես հնարավոր չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, Արդարադատության նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին ներկայացնելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս համատեքստում վարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: «Նա համակարգում նոր մարդ չէ և ժամանակին Արդարադատության նախարարությունում արդեն աշխատել է, և իհարկե Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ուղիղ առնչություն ունեցել է այն օրակարգերի հետ, որոնց մասին քիչ առաջ խոսեցի»,-ասել է Վարչապետը և հավելել, որ այս բոլոր իրադրությունների վերլուծությամբ նորանշանակ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս օրակարգերի շուրջ պետք է արտակարգ ռեժիմով աշխատել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ինտենսիվ կերպով հասկանալ պատճառահետևանքային կապերը: «Այս առումով, հույս ունեմ, որ տիկին Գալյանի պաշտոնավարման ընթացքում Կառավարությունն ի վիճակի կլինի այս խնդիրներն ավելի խորքային և համապարփակ հասցեագրել կամ շարունակել, որովհետև մենք դեռ չգիտենք, հնարավոր է, որ մեր այդ նպատակին հինգ պակաս վիճակում ենք կամ գուցե թե մի վերջին ջանք է պահանջվում այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը  շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և բարձր գնահատականի համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արդարադատության նախարարությանն  այս տարիների ընթացքում Ձեր աջակցության և առաջնորդության համար: Դա մեզ լրացուցիչ  խթան և մոտիվացիա էր տալիս, քանի որ գիտեինք, որ երբ պատրաստ էր լինում ինչ-որ մի փաթեթ, ռեֆորմ կամ գաղափար, որ պետք է Ձեր սեղանին դրվեր, դա միանշանակ հաստատվում էր, եթե դա հիմնավորված էր, արժեքավոր էր և հստակ արդյունահեն ցուցանիշներով  փաթեթավորված»,- ասել է Մինասյանը: Նա նաև շնորհավորել է նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին և մաղթել, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում վարչապետի կողմից դրված բարձր  նշաձողը՝ արդարության և արդարադատության ստանդարտն, ի վերջո, ժողովրդին հասանելի դառնա: 

Իր հերթին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ նախարարությանը վերաբերվում է հոգատարությամբ, ուստի այստեղ եկել է սիրով, պատասխանատվության բարձր զգացումով և պատրաստակամությամբ՝ նոր թափ հաղորդելու բոլոր այն ծրագրերին, որոնք ներկա պահին գտնվում են Կառավարության օրակարգում: «Հույս ունեմ, որ նախարարությունն՝ ի դեմս պրոֆեսիոնալ կազմի, ինձ  հետ միասին հնարավորություն կունենա նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում  ապահովել մեր հանրության համար սպասելի, ընկալելի և շոշափելի արդյունք»,- նշել է Սրբուհի Գալյանը: Նա նաև վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի  խնայելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և Կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում: