Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանում երբեմն ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում, բայց Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է», - ասել է նա։
Մոդին ընդգծել է, որ «Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակին»։
«Երբ մեր ուսանողները հայտնվեցին մարտական գործողություների գոտում (Ուկրաինայում), նախագահ Վլադիմիր Պուտինն օգնեց նրանց բարեհաջող տարհանել», - հիշեցրել է վարչապետը։
Հնդկաստանի վարչապետը հանդիպմանը նաև հայտնել է Ռուսաստանում Հնդկաստանի երկու նոր հյուպատոսությունների բացման մասին՝ Կազանում և Եկատերինբուրգում:
ԱՄՆ-ն այս առիթով իր մտահոգությունն է հայտնել Հնդկաստանին:
«Հնդկաստանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, որի հետ մենք լիակատար և անկեղծ երկխոսություն ենք վարում, ուստի ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Նյու Դելիին՝ Մոսկվայի հետ հարաբերությունների կապակցությամբ։ Ես կառաջնորդվեմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրապարակային հայտարարություններով՝ հասկանալու համար, թե ինչի մասին է նա խոսել Մոսկվայում։ Վաշինգտոնը հույս ունի, որ Ռուսաստանի հետ համագործակցելիս Հնդկաստանը և ցանկացած այլ երկիր Ռուսաստանին կհասկացնեն, որ նա պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։



