Նոր իշխանությունները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դեմ սկսած գործընթացները բացատրում են նրանով, որ նա նախկին ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող անձ է, որ հենց նա է հեղինակել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու նպատակին ծառայող Սահմանադրություն։
Ինչ խոսք, շատերի համար այս բացատրությունները կարող են արժանահավատ թվալ։ Շատերն էլ կարծում են, որ Փաշինյանի թիմն ազնիվ մղումներ ունի և ցանկանում է պատժել անարդարությունների հեղինակներին։
Բայց Փաշինյանի թիմի այս բացատրությունները առավել նոր հարցերի տեղիք են տալիս։ Երբ նրանք Թովմասյանին մեղադրում են Սահմանադրություն հեղինակելու մեջ, մոռանում են, թե այդ սահմանադրությունը ում շնորհիվ է կյանքի կոչվել։ Այս դեպքում ևս պետք է հենվենք Փաշինյանի նախկին հայտարարությունների վրա։ Նա վստահ էր, որ Սահմանադրական հանրաքվեն կեղծվել է։ Փաշինյանը նաև պնդում էր, որ Սերժ Սարգսյանը երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չի ընտրվել։ Պաշտոնական արդյունքներով Սերժ Սարգսյանը երկու անգամ ընտրվել է ՀՀ նախագահ։
ՀՀ-ում ցանկացած ընտրության արդյունք պաշտոնապես տեսք է ստանում միայն ԿԸՀ որոշման արդյունքում։ Այսինքն, եթե հավատանք Փաշինյանի և իր բազմաթիվ թիմակիցների պնդումներին, ապա հենց ԿԸՀ-ն է կեղծել ընտրությունները, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հռչակվել է նախագահ կամ կեղծվել են հանրաքվեյի արդյունքները։ 2011 թվականի սեպտեմբերի 20-ից ՀՀ ԿԸՀ նախագահն է Տիգրան Մուկուչյանը։ Նա այսօր էլ շարունակում է ղեկավարել նշված կառույցը։
Եվ հիմա, երբ Փաշինյանը խոսում է արդարության վերականգնումից, այդ դեպքում ինչու՞ է Տիգրան Մուկուչյանը շարունակում պաշտոնավարել։ Եթե ճշմարտացի ենք համարում Փաշինյանի կեղծված ընտրությունների մասին պնդումները, ապա կարող ենք ենթադրել, որ այս անգամ Մուկուչյանը համաձայնել է ընտրություններ կեղծել Փաշինյանի համար։ Կամ մենք շատ արագ կլսենք Տիգրան Մուկուչյանի ձերբակալության մասին պաշտոնական հաղորդագրություն և կվստանեք նոր իշխանությունների «ազնիվ» մղումներին։



