Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորում է ինտրիգ չփնտրել իր եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերություններում։
«Դուք այդ հարաբերությունները սեւ եւ սպիտակի մի վերածեք։ Դրա մեջ խորը ինտրիգ փնտրելու կարիք չկա»,- այսօր՝ փետրվարի 17-ին կայացած ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ լրագրողի հարցին։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի հիշում՝ երբ է վերջին անգամ հանդիպել կամ խոսել երրորդ նախագահի հետ։
«Ես օրագիր չեմ պահում, որ ասեմ՝ այս օրը հանդիպեցի, հանդիպումը տեւեց 27 րոպե։ Երբ որ պետք է, ինչ որ հարց ունենք, կարող եմ զանգել, հետը խոսել։ Մենք կոմունիկացիայի խնդիր չունենք» ,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ միաժամանակ, կարող են լինել հարցեր, որոնց վերաբերյալ իրենց կարծիքները կարող են չհամապատասխանել, լինեն տարաձայնություններ, բայց դա, ըստ նրա, չի խոչընդոտում երկխոսության միջոցով քննարկումներին։



