Մայոր Յուրի Իշչյուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը նվիրյալ զինվորականներ էին, որոնք զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունները կատարելիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Ադրբեջանի կողմից խփված ռուսական ուղղաթիռի անձնակազմի երկու զոհված անդամների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը՝ ըստ էության կասկածի տակ դնելով ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Հայաստանի օդային տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը «պատահականություն» է եղել:
«Այս ողբերգական միջադեպը, որը ադրբեջանական կողմը կոչում է «պատահականություն», տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել ռազմական բախումներ: Եվ ահա այսօր ներկա ենք մի հուշակոթողի բացման, որը հավերժացնում է օդաչուներ մայոր Յուրի Վ. Իշչյուկի և ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի հիշատակը, երկու նվիրյալ զինվորականների, որոնք զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունները կատարելիս», - ասաց ՏԿԵ փոխնախարարը՝ իր զորակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
2020 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից նախիջևանյան ուղղությունից Հայաստանի տարածքում խփված ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված երկու անդամների` ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի և մայոր Յուրի Վ. Իշչյուկի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ «ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ:
Մանրամասն՝ «Արմենպրես»-ում։



