«Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամ...

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու հետևանքով տուժած ծնողների փաստաբանը դատական կարգով պահանջում է վերացնել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա է իրենց որդիների մահվան մեղավորը։

Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Քրեական գործը տևական ժամանակ «քնեցվեց», արդյունքում՝ դատախազությունը որոշում կայացրեց ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ապա՝ գործի վարույթը կարճվեց։ Տուժող կողմը, սակայն, չի համաձայնել այս որոշումների հետ և վիճարկել է հիշյալ երկու որոշումները դատական կարգով։

Հակակոռուպցիոն դատարանը 2024թ․ հունվարի 25-ին բավարարել է բողոքը՝ վերացնելով գլխավոր դատախազության կողմից կայացված՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը, ինչը նշանակում է, որ քրեական վարույթը պետք է վերականգնվի, իրականացվի նոր նախաքննություն։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է վերացնի դատարանի կողմից արձանագրված մի շարք խախտումները, որոնք թույլ էր տրվել նախաքննության ընթացքում։

Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմնի կողմից 1 տարի 2 ամիս տևած նախաքննության ընթացքում չի պարզվել, թե ով է եղել այն անձը, որը հրահանգել է քաղաքացիներին հարկադրաբար հեռացնել «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, ոստիկանների ցուցմունքներում առկա մի շարք հակասությունները չեն պարզվել վարութային գործողությունների ընթացքում, գնահատական չի տրվել Վարչական դատարանի որոշումներին, որով արձանագրվել էր, որ քաղաքացիների կողմից չեն կատարվել վարչական իրավախախտումներ, ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին ժամանակ չի տրամադրվել՝ ենթադրյալ խախտումները վերացնելու համար, հետևաբար, վարչական ձերբակալումն անօրինական է։ Դատարանի որոշման հիման վրա գործը վերաբացվել է, սակայն, ինչպես պարզվեց, նախաքննական մարմինն ավելի քան 1,5 տարի քննելու ընթացքւմ այդպես էլ նոր տվյալներ ձեռք չի բերել և կրկին որոշում է կայացրել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ իրավապահների անգործության դեմ բերված բողոքը Հակակոռուպցիոն դատարանը մերժել է։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 2-ին։