Էր Ռիադում առաջին անգամ վայրէջք է կատարել իսր...

Իսրայելական մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 26-ին վայրԷջք է կատարել Էր Ռիադում՝ այդպիսով առաջին չվերթը կատարելով Իսրայելից Սաուդյան Արաբիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել Է The Jerusalem Post թերթը: Ինչպես նշում է հրատարակությունը, երկրներն կոմերցիոն ավիափոխադրումներ չեն իրականացնում, քանի որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:

Ուստի, ինչպես ընդգծում է The Jerusalem Post-ը, այս առաջին չվերթը նշանակալի ձեռքբերում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ճանապարհին: The Jerusalem Post-ը հիշեցնում է, որ անցյալ տարի Իսրայելը և Սաուդյան Արաբիան միմյանց համար բացել էին իրենց օդային տարածությունը: Անցյալ տարվա աշնանը Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Այս երկրներից հետո հարաբերությունների նորմալացմանը համաձայնել է նաև Սուդանը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Սաուդյան Արաբիան շուտով ևս կարող է միանալ մուսուլմանական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացին:

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել է, որ աջակցում է Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը, սակայն Սաուդյան Արաբիայի նկատմամբ ավելի կոշտ դիրք է գրավել այս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության պատճառով: Մինչ այդ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցել են արաբական միայն երկու երկրներ՝ Եգիպտոսը (հաստատվել Է 1979 թվականին) և Հորդանանը (հաստատվել Է 1994 թվականին):