Եմենի կառավարությունն ու հութիները համաձայնել...

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և հութիների խմբավորումն Օմանի մայրաքաղաք Մասկատում համաձայնագիր են ստորագրել բանտարկյալների և կալանավորների փոխանակման մասին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնում է Lebanon24-ը։

Համաձայնագիրը, որը տարիներ տևած փակուղուց հետո որակվում է որպես կարևոր մարդասիրական քայլ, կնքվել է Միավորված ազգերի կազմակերպության միջնորդությամբ և Օմանի Սուլթանության անմիջական միջնորդությամբ։ Այն նախատեսում է բոլոր բանտարկյալների փոխադարձ ազատ արձակում։

Բանտարկյալների և կալանավորների ընդհանուր թիվը 2900 է. ըստ համաձայնագրի՝ Եմենի կառավարությունն ազատ կարձակի 1700 հութի բանտարկյալի։

Օմանի լրատվական գործակալության փոխանցմամբ` Սուլթանությունը ողջունել է Մուսկատում ստորագրված համաձայնագիրը։

Եմենում պատերազմը հիմնականում սառեցված է եղել 2022 թվականից, սակայն վերջին շաբաթներին լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ անջատողական «Հարավային անցումային խորհուրդն» առաջխաղացում է գրանցել երկրի արևելյան նահանգներում։ 

Մինչև վերջերս Եմենի արևելքը մնում էր երկրի ամենահանգիստ մասը և չէր մասնակցում հյուսիսում իշխանությունը զավթած հութիների ու միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմում կանգնած ուժերի միջև ավելի քան մեկ տասնամյակ տևած ռազմական հակամարտությանը։ 

Ընդհանուր առմամբ, հակամարտության հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Ըստ ՄԱԿ-ի՝ Եմենում գրեթե 20 միլիոն մարդ կախված է մարդասիրական օգնությունից, մոտ 5 միլիոն մարդ դեռ տեղահանված է։