ԵՄ յոթ երկիր դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ Ուկրաինային ռուսական ակտիվներով ֆինանսավորվող ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշումն արագացնելու խնդրանքով, հաղորդում է РБК-ն՝ հղում անելով Politico-ին։
«Ժամանակը էական նշանակություն ունի։ Դեկտեմբերին Եվրոպական խորհրդում ռեպարացիոն վարկի վերաբերյալ որոշում ընդունելով՝ մենք կկարողանանք Ուկրաինային ամուր դիրքում դնել՝ իրեն պաշտպանելու և արդար ու երկարատև խաղաղության շուրջ բանակցելու համար», - ասվում է նամակում։
Փաստաթուղթը ստորագրել են Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Իռլանդիան։
Դեկտեմբերի 3-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար ֆինանսավորման երկու տարբերակ, այդ թվում՝ ռեպարացիոն վարկի, որը ֆինանսավորվում է Եվրոպայում ռուսական ակտիվներով: Որոշումը պահանջում է որակյալ մեծամասնության քվեարկություն. ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը պարտադիր չէ: Politico-ի համաձայն՝ Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հատկացնել 165 միլիարդ եվրո՝ օգտագործելով ռուսական ակտիվները. 25 միլիարդ եվրո՝ դաշինքի մասնավոր բանկերից և 140 միլիարդ եվրո՝ բելգիական Euroclear դեպոզիտարիայից:
Բելգիան դեմ է ռեպարացիոն վարկին։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ չեն միայնակ կրել նման սխեմայի ռիսկերը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փորձել են համոզել Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերին փոխել իր դիրքորոշումը, սակայն՝ ապարդյուն։ Euroclear-ը և Եվրոպական կենտրոնական բանկը նույնպես դեմ են արտահայտվել ծրագրին։



