ԵՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր է առաջարկել Հնդ...

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը գտնվում է Հնդկաստանում երկկողմ շփումներն ամրապնդելու համար, Նյու Դելիին առաջարկել է ազատ առևտրի և անվտանգության ու պաշտպանության բնագավառում ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագրեր կնքել։ ֆոն դեր Լայենի այցի մասին հաղորդագրություններ է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կարող է լինել իր տեսակի մեջ խոշորագույն գործարքն աշխարհում: Ես հիանալի հասկանում եմ, որ դա հեշտ չի լինելու: Բայց ես նաև գիտեմ, որ կարևոր են ճիշտ ժամանակը և վճռականությունը, և որ այս գործընկերությունը տեղի է ունենում մեզ երկուսիս համար ճիշտ պահին: Ահա թե ինչու ենք մենք վարչապետ Մոդիի հետ պայմանավորվել աշխատել դրա վրա այս տարվա ընթացքում», - ասել է ֆոն դեր Լայենը:

Նա հավելել է, որ Բրյուսելը կցանկանար Հնդկաստանի հետ կնքել նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագիր։

«Ես կարող եմ հայտարարել, որ մենք ուսումնասիրում ենք անվտանգության և պաշտպանության բնագավառում Հնդկաստանի հետ գործընկերության ապագան՝ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ մեր գործընկերության օրինակով: Դա մեզ կօգնի ակտիվացնել մեր աշխատանքը՝ դիմակայելու ընդհանուր սպառնալիքներին՝ լինի դա անդրսահմանային ահաբեկչություն, անվտանգության սպառնալիքներ ծովում, կիբեռգրոհներ կամ նոր երևույթ, որ մենք տեսնում ենք՝ գրոհներ մեր կարևոր ենթակառուցվածքների վրա», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ եվրահանձնակատարների ամբողջ կոլեգիայի այցը Հնդկաստան առաջին օտարերկրյա այցն է 2024 թ. դեկտեմբերին նոր կազմի կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր։