
Եվրամիությունը դիտարկում է ԵՄ Խորհրդի կենտրոնակայանի շենքի վերակառուցման վրա առնվազն 1,1 մլրդ եվրո ծախսելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով ներքին փաստաթղթերին, խոսքը Justus Lipsius շենքի մասին է։
Այն գտնվում է Եվրոպական հանձնաժողովի դիմաց։ Շենքն արդեն «պատկանում է էներգաարդյունավետության ամենավատ ցուցանիշներով կատեգորիային», մեջբերում է պորտալը փաստաթղթից։ Վերակառուցումը ցանկանում են անցկացնել նաև անվտանգության նկատառումներով։ Ինչպես հիշեցնում է Euractiv-ը, ԵՄ Խորհուրդը Բրյուսելի Եվրոպական թաղամասում զբաղեցնում է երեք հարակից շենք։
Justus Lipsius շենքի վերակառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 803 մլն եվրո։ Եթե Խորհուրդը վարկ վերցնի ծրագիրն իրականացնելու համար, ապա տոկոսների մարման լրացուցիչ ծախսերը կգնահատվեն ավելի քան 300 մլն եվրո և ընդհանուր ծախսերն այդպիսով կհասնեն ավելի քան 1,1 մլրդ եվրոյի։ Պորտալը նշում է, որ այդ ծախսերը նախատեսվում են ամբողջ մայրցամաքում բյուջետային ծախսերի կրճատման և ԵՄ հաջորդ յոթնամյա բյուջեի շուրջ արդեն իսկ ընթացող լարված բանակցությունների ֆոնին։
Աշխատանքները նախատեսվում է սկսել 2029 թվականին, իսկ շենքի բացումը նախատեսված է 2036 թվականին։