«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթաց սկսելու մասին» նախագիծը խայտառակ բլեֆ է։ Այս մասին Ազգային ժողովում, համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ, փետրվարի 12-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
«Ընտրությունների նախօրեին Արտակ Զեյնալյանը եւ նրա կուսակիցները մտածել են այն մասին, թե ինչպես ավելի լավ գնան ընտրությունների։ Արդյունքում՝ նրանք որոշել են հարմարվել արեւմտամետ, եվրոպամետ հովանու ներքո։ Բայց դուք, պարոնայք, սխալվել եք, որովհետեւ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ յուղոտ պատառը ձեզ չէին թողնի»,- ասել է Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ այս նախագծով «Քաղպայմանագիրը» սպառնալիքի տակ է դնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ «Դուք դրանով մոլորեցնում եք թե՛ Արեւմուտքին, թե՛ Հյուսիսին, թե՛ Հարավին»,- ընդգծել է պատգամավորը։