
«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզում ընթացքի մեջ է ավելի քան 80 ծրագիր։
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության գլխավոր նպատակը Սյունիքի մարզի համար ծրագրեր իրականացնելն է կարևորագույն ուղղություններով, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները, սոցիալական ծառայությունները, փոքր և միջին բիզնեսը, փոքր ենթակառուցվածքային ծրագրերը։ Այս պահին 80-ից ավելի ծրագրեր ընթացքի մեջ են։ Դրանք համաձայնեցված, միասին քննարկված և թիրախային ծրագրեր են, որոնք ուղղված են Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելուն»,- ասել է մարզպետը։
Մարզպետը հավելել է, որ Սյունիքի մարզում «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերն արդեն հասնում են 200 միլիոն եվրոյի։ «Մենք պետք է աշխատենք պահել ծրագրերի այս որակը, և կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք կունենանք շատ բարձր սանդղակ ու արդյունքներ»,- նշել է Ղուկասյանը։
Ավելի վաղ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Եվրամիության կողմից Հայաստանում արվող ներդրումների ծավալը վերջնարդյունքում հասնելու է 2.5 միլիարդ եվրոյի։ Դեսպանն այդ ներդրումների կարևոր մաս էր համարել «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը։