ԵՄ դիտորդական առաքելությունը փոքրացնում է էսկ...

Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը փոքրացնում է էսկալացիայի հավանականությունը:  

Այս մասին ընդգծեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում:  

«Մենք ցանկանում ենք տարածաշրջանում սահմանել անվտանգություն, որ հաստատենք Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա և ԵՄ: Առաջընթացը, որը ԵՄ-ի հետ հարաբերություններում վերջին տարիներին գրանցվել է, ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ընդլայնելու մեր օրակարգը Եվրամիության հետ և տարբեր մակարդակներում ունենալու համագործակցություն»,-ասաց Պարույր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը հիշեցրեց 2023-ի հոկտեմբերին Ստրասբուրգում Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որը ցույց է տալիս Հայաստանի նկրտումներն ու մոտեցումները եվրոպական օրակարգին: 

Նա վստահեցրեց, որ Հայաստանը ջանքեր է գործադրում և կփորձի շարունակել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետագա իրականացումը:  

Հովհաննիսյանը նշեց, որ բանակցություններ են իրականացնում գործընկերության օրակարգի շուրջ նոր փաստաթղթի շուրջ։ «Սա մի փաստաթուղթ է, որը կփոփոխի գոյություն ունեցող իրավական հիմքը և կխորացնի երկկողմ հարաբերությունները: Հենց այս գործընթացն ավարտվի և նոր նկրտումների շուրջ համաձայնությունների գանք, նոր ուղենիշեր կսահմանենք մեր համագործակցության համար»,-ասաց նա:

ԱԳ փոխնախարարը շեշտեց, որ Հայաստանը շատ շնորհակալ է Եվրամիությանը՝ իր քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու համար: «Դա Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում բերում է կայունություն և փոքրացնում էսկալացիայի հավանականությունը»,-նշեց նա:

Նա հիշեցրեց՝ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիները ցանկանում են շատ ավելի ամուր կապեր ունենալ եվրոպական ընտանիքի հետ:  

Հովհաննիսյանը շեշտեց նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացի կարևորության մասին:  

Ըստ նրա՝ Եվրամիությունը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր Հայաստանի համար նաև տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգի համար: