
Հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։ Անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։
Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն: Էլեկտրոնային ՀԴՄ-ի ծրագրային ապահովումն իրականացնում է տնտեսվարողը։
Իսկ ՊԵԿ-ն ապահովում է էլեկտրոնային ՀԴՄ-ի և կոմիտեի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա գրանցելու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմնին դիմում ներկայացնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տվյալները լրացնելուց հետո հարկ վճարողը դիմումին պատասխան ստանում է սերտիֆիկատ։
Այն ապահովում է տվյալների անվտանգ փոխանակումը։ Պարտադիր պայման է՝ Էլեկտրոնային կտրոնի վրա պետք է լինի ապրանքների անվանացանկը և QR կոդ, որը պարունակում է կտրոնի ամփոփ տեղեկատվությունը։ էլեկտրոնային ՀԴՄ-ն գործում է օնլայն ռեժիմում, իսկ վճարումը կարելի է կատարել կանխիկ և անկանխիկ եղանակով: Հարկ վճարողները կարող են էլեկտրոնային կտրոնը տպել կամ էլեկտրոնային տարբերակով փոխանցել քաղաքացուն։ ՊԵԿ պաշտոնական կայքում տեղադրված է էլեկտրոնային ՀԴՄ-ի վեբ-ծառայության ինտեգրման ուղեցույցը և ինտեգրման համար անհաժեշտ հավաստագիրը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին