![էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Քանաքեռի կա...](/imgs/posts/medium/2025/02/d58f2ea.png)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը փետրվարի 6-ին այցելել է Քանաքեռի կարի ֆաբրիկա՝ ծանոթանալու ֆաբրիկայի գործունեությանը։ Ֆաբրիկան հանդիսանում է տեղական խոշոր արտադրող, որը մասնագիտացված է համազգեստների և աշխատանքային հագուստի արտադրության մեջ։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
Քանաքեռի կարի ֆաբրիկայի սեփականատեր Սուրեն Ազատյանի ուղեկցությամբ Էդգար Զաքարյանը շրջել է ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին՝ հումքի ընտրությունից մինչև պատրաստի արտադրանքի իրացում։
Նշվում է, որ շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել են ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու զարգացման հնարավորություններ, քննարկվել են նախատեսվող ծրագրերն ու առկա խնդիրները։
Այցի ընթացքում Էդգար Զաքարյանը շեշտել է կառավարության աջակցությունը տեքստիլ արդյունաբերության զարգացման ուղղությամբ և ներկայացրել պետական աջակցության գործիքները, որոնցից կարող են օգտվել ոլորտի ընկերությունները՝ արտադրությունն ավելացնելու և իրացման շուկաներն ընդլայնելու նպատակով։