ԵԽԽՎ-ի հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհ...

ԵԽԽՎ-ի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ կատարել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ-ի հանձնաժողովի տարածած հայտարարությունը:

Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մեծապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով:

«Այս միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև» - գրում է հանձնաժողովը՝ աջակցություն հայտնելով ԵԽԽՎ-ի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը, որով կոչ է արվում շտապ գործողություններ ձեռնարկել և անհապաղ վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը:

«Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել միջոցառումները՝ հասցեագրված Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023 թ. փետրվարի 22-ին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2022 թ. դեկտեմբերի 21-ին, որոնց որոշումներում նշվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը» (Եռակողմ հայտարարության 6-րդ հոդված)», - նշվում է հայտարարությունում:

ԵԽԽՎ-ի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին: