«Հայաստանի պարտավորությունների կատարման» զեկույցի համազեկուցող, ֆինն խորհրդարանական Կիմմո Կիլյունենը Alpha News-ի հետ զրույցում «շատ տարօրինակ» է անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող մեղադրանքներն ուղղված ընդդիմությանը, որն իբր մեղավոր է Արցախից հայերի արտագաղթի համար: Նա նաև մեկնաբանել է Երևանում հանրահավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության կոշտ գործողությունները:
««Հայաստանի պարտավորությունների կատարումը» զեկույցում, որի շուրջ բանավեճն այսօր տեղի կունենա ԵԽԽՎ-ում, մենք հիշատակում ենք Հայաստանում ցուցարարների նկատմամբ ոստիկանության չափազանց մեծ ուժի կիրառման դեպքերը, ոչ ուղղակիորեն, բայց ես դա քննարկել եմ հայկական ընդդիմության հետ, որն արտահայտել է իր բողոքները», — հայտարարել է Կիլյունենը:
Հարցին, թե ինչու Հայաստանում ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունները չեն արժանանում միջազգային հանրության արձագանքին, նա պատասխանել է. «Անհրաժեշտ է հետաքննություն, այդ թվում՝ այն դեպքերի առնչությամբ, որոնց ժամանակ տուժել են հենց ոստիկանները։ Սրանք շատ տագնապալի ազդակներ են, որոնք սովորաբար տեղի են ունենում երկրում, երբ դու քաղաքական մշակույթ չունես խնդիրները քննարկելու համար։ Մենք հասկանում ենք, որ մեծամասնությունն է իշխում, բայց կան նաև իրավունքներ ընդդիմության համար, և հուսով ենք, որ խորհրդարանը կծառայի որպես երկխոսության հարթակ: Ֆինլանդիայում մենք միշտ վեճերը լուծում ենք կոնսենսուսով, բայց, ցավոք, նման ավանդույթ Հայաստանում չկա։
Ազգային մեծ հարցերի շուրջ պետք է կոնսենսուս գտնել։ Եվ դա մարտահրավեր է կառավարության և ընդդիմության համար՝ փորձել գտնել այն և խուսափել ավելորդ բևեռացումից։ Բոլոր խնդիրները քաղաքական մշակույթի բացակայությունից և չհասունացած ժողովրդավարությունից է: Կառավարությունը պատասխանատվություն է կրում և հնարավորություն ունի անվտանգ քաղաքական մթնոլորտ ստեղծելու, բայց ընդդիմությունն էլ պետք է կառուցողական լինի իր մոտեցումներում»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ արձագանք կարելի է ակնկալել ընդդիմությունից, օրինակ, երբ վարչապետը ԱԺ ամբիոնից մեղադրում է նրան, որ արցախահայությունն իր պատճառով հայտնվել է Հայաստանում, և որը փախստականներին օգտագործում է որպես «հանրահավաքի նյութ» (ինչը իրականության ակնհայտ խեղաթյուրում է այն պայմաններում, երբ ողջ աշխարհն ականատես է եղել, թե ինչպես են հայերը փախչում՝ լքելով իրենց տները և փաստացի փրկվելով Ցեղասպանությունից), Կիլյունենը նշել է, որ տեղյակ չէ այդ մասին, բայց եթե նման բան տեղի է ունեցել, ապա դա «շատ տարօրինակ հայտարարություն է»:
«Ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ տեղյակ չեմ, բայց եթե այդպես է, ապա դա շատ տարօրինակ է։ Մենք ակնկալում ենք, որ բոլորը պատասխանատու կվարվեն՝ և՛ կառավարությունը, և՛ ընդդիմությունը», — եզրափակել է նա։