Եկեք ձեզ տանեմ Քոչարյանի հանձնած Մեղրին, դուք...

Իրականում Քիվեսթի փաստաթուղթը ինքը հույժ գաղտնի փաստաթուղթ չէ. եղել է Ալիևի կողմից առաջարկ՝ փոխանակման ծրագիր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին:

«Քիվեսթի փաստաթուղթ է ձևավորվել Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, առաջարկ է եղել, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեսթյան փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս և Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ և որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ: Եկեք մեր ժողովրդին չմոլորեցնենք, խաբենք։

Հիմա Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից, դուք խոսում եք նորից Նախիջևան-Ադրբեջան կապի տրամադրման մասին, երեկ էլ հայտարարվեց, որ անխոչընդոտ, անկանգառ կապ եք դուք պատրաստվում տալ:

Դուք հասկանում եք բանակցությունների էության տարբերությունը, որտեղ ենք եղել և հիմա որտեղ ենք հասել: Ի վերջո, այդքան, որ խոսում եք հանձնելուց, հանձնելուց, պարզ մի բան եմ ասում, դուք Մեղրիում եղե՞լ եք։ Մեղրին իր տեղում է, չէ՞, չի կորել Մեղրին: Տիկին Ղազարյան, խնդրում եմ, եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի հանձնած Մեղրին, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ, Ձեր պահած Լեռնային Ղարաբաղը»,- հայտարարեց նա: