Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Ա...

Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի Հանրապետության  դրոշը։ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի մամուլի քարտուղար Սիրանուշ Գևորգյանը հայտնել է, որ Արցախի դրոշը տեղափոխվել է քիչ այն կողմ՝ Հայաստանի դրոշի հետ մեկտեղ գտնվում է  կողքի տարածքում։

«Արցախի դրոշը տեղափոխվել է երկու նկատառումով. նախ՝ պատմամշակութային տարածքում էր տեղադրված, բացի այդ՝ ճիշտ չէ, որ Հայաստանի դրոշը չկա, միայն Արցախի դրոշը մնար։

Հիմա հրապարակն ամբողջությամբ ազատված է  դրոշներից, Արցախի դրոշը Հայաստանի դրոշի հետ գտնվում է մի քանի մետր այն կողմ»,- նշեց նա։

Հարցին՝ բավական երկար ժամանակ Արցախի Հանրապետության դրոշը տեղադրված էր Կոմիտասի անվան հրապարակում, ինչո՞ւ որոշվեց հիմա տեղափոխել, Ս. Գևորգյանն ասել է. «Ուղղակի, այս պահին ենք նպատակահարմար գտել, հատուկ նկատառում չկա, թե ինչու այս պահին»։

Նա հայտնել է, որ Արցախի Հանրապետության դրոշը Կոմիտասի անվան հրապարակում տեղադրված է եղել ոչ քաղաքապետարանի որոշմամբ, այլ քաղաքացիների նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրել էր, որ Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը։