Էջմիածնի ինտրիգը, ո՞ւմ են աջակցելու գեներալի...

«Հրապարակ» թերթը գրել է․

«Վաղարշապատում նոյեմբերի 16-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ակտիվ քաղաքական աժիոտաժ է։ Ընտրություններին մասնակցող որոշ թեկնածուներ արդեն գրասենյակներ են բացում խոշորացված համայնքի վարչական շրջաններում։ 19 համայնք ընդգրկող եւ 65 հազար ընտրող ունեցող Վաղարշապատի ընտրությունները 26-ի համապետական ընտրությունների նախերգանքն են լինելու, եւ թվում էր՝ տասնյակ կուսակցություններ են բախտներն ու ուժերը փորձելու, փորձելով քաղաքական արենայում տեղ զբաղեցնել, հայտ ներկայացնել։ Սակայն այս պահի դրությամբ 5-6 ուժի մասին է խոսվում, որոնք պատրաստվում են մասնակցել։


Իշխանության թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է, որը հուլիսի 15-ին նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ԺՊ: Նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի եւ նրա ընտանիքի հետ կապված քրեական պատմություններից եւ պարտադրված հրաժարականից հետո իշխանությունները որոշեցին համայնքը կրկին խոշորացնել` միավորելով Խոյի հետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանին էլ ընտրեցին քաղաքապետի իրենց թեկնածու, որն այժմ նաեւ համայնքապետի ԺՊ է՝ այն հույսով, որ խոյեցիները կքվեարկեն իրենց նախկին համայնքապետի օգտին, որը նաեւ Արցախի Ջաբրայիլի ազատագրումն իրականացրած հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է։ Մենք գրել ենք, որ ամռանը Եկեղեցու դեմ արշավի ժամանակ Արգիշտի Մեխակյանը մերժել է Փաշինյանին՝ ասելով, թե չի կարող համակարգել Վեհարանի դեմ գրոհը` մի քանի հազար մարդ հավաքագրել, թեեւ ասում են, որ խնդիրը ոչ թե գրոհողներ հավաքագրել չկարողանալու մեջ է, իրականում` ինքը դեմ է Փաշինյանի արշավին եւ կողմնակից է, որ հոգեւորականներին հանգիստ թողնեն։

Էջմիածնում գլխավոր ինտրիգն այն է, թե ում համար են աշխատելու հանգուցյալ Մանվել Գրիգորյանի որդիները, խոսքը հատկապես գեներալի առաջին կնոջ տղաների մասին է, որոնք այդ տարածաշրջանում հարցեր լուծող մարդիկ են համարվում։ Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի առաջին կնոջ քույրը Արգիշտի Մեխակյանի զոքանչն է, միեւնույն ժամանակ` քաղաքի չորրորդ դպրոցի տնօրենը։ Շատերի կարծիքով՝ նա, վստահաբար, իր կոլեկտիվին ուղղորդելու է փեսայի օգտին։ Առայժմ գեներալի որդիները բացահայտ հետաքրքրություն չեն դրսեւորում: Եթե ոմանց թվում է, թե անհնարին է, որ նրանք աշխատեն իրենց հորը բանտում պահելով մահվան դուռը հասցրած իշխանությունների համար, ապա մեր աղբյուրը հակադարձում է, որ որդիներից Արմանը բավականին ջերմ կապեր է ունեցել նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի հետ։ Կարեն Գրիգորյանն էլ Դիանայի ամուսնու հետ է մտերիմ:

Արգիշտիով էջմիածինցիներն առանձնապես ոգեւորված չեն, ազատամարտիկ հոր հեղինակությունն էլ այլեւս որդու վրա չի տարածվում, շատերը տարակուսած են՝ ինչպես Արգիշտին հոր ազատագրած Արցախի հանձնումից հետո շարունակեց իշխանությունների հետ ճանապարհ գնալ։ Իշխանություններն էլ գիտեն, որ իրենց թեկնածուն 50+ ձայներ չունի, եւ որոշել են Էջմիածինը զավթելու ծրագիրն իրականացնել «ֆեյք» թեկնածուներ խաղի մեջ մտցնելու ճանապարհով: Մարդիկ, որոնք համայնքում հեղինակություն ունեն, բայց այդքան էլ չեն ասոցացվում իշխանությունների հետ: Այդ խորամանկությամբ թեկնածուն ձայներ կտանի, իսկ ընտրություններից հետո կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, ինչպես «Հանրապետություն» կուսակցությունն արեց Երեւանի ընտրություններից հետո։ Մի թեկնածուի անուն է Էջմիածնում շրջանառվում` հայտնի բիզնեսմեն, որին Շինարար Վահե են ասում: Նա շենքերի կառուցապատման բիզնեսով է զբաղվում, ներկայում էլ Էջմիածնի կինոյի տան՝ տարիներով ավերակների վերածված տարածքում է շենքեր կառուցում։ Հնարավոր է նաեւ այլ ուժեր էլ հայտնվեն: Խոսք է գնում Փաշինյանի սիրելի արեւմտամետների մասին՝ Արման Բաբաջանյանի եւ համախոհների ցուցակով: Հավանական թեկնածուն էջմիածնեցի քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է։ 

Այդուհանդերձ, իշխանական թեկնածուի գլխավոր մրցակիցներ են համարվում երկու անձ: Մեկը Սեւակ Խաչատրյանն է, որը ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն էր, ապա՝ պրոռեկտորը, հիմա Էջմիածնի ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է եւ, ըստ էության, քոչարյանական թեւի թեկնածուն, Ռ․ Քոչարյանի որդու մտերիմն է: Նա առաջադրվելու է անցած տարի ընկերների հետ հիմնած «Առաջ» կուսակցությամբ: Հնարավոր է ՀՅԴ-ի հետ դաշինք կազմեն։ Մեծ շրջապատ ունի եւ ընդունելի է նաեւ երիտասարդության համար։ Մյուսն Արթուր Վանեցյանի թեկնածուն է՝ հայտնի գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում եւ որը վերջին տարիներին Փաշինյանի ամենադաժան քննադատներից է։ Կան տեղեկություններ, որ Էջմիածնի հոգեւորականներն այս երկու թեկնածուին են համակրում եւ ինչ-որ ձեւով աջակցելու են նրանց։

«Հայաքվեն» էլ է ուզում մասնակցել, թեկնածուն տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն է: ՀՀԿ-ն դեռ որոշում չունի։ Էջմիածնում թեկնածուների առաջադրումը կսկսվի հոկտեմբերի 2-ից, կավարտվի 12-ին, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կտեւի հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 14-ը»: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։