
Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը հորդորում են ընդունել Գազայի հատվածում կարգավորման ամերիկյան պլանը: Այս մասին գրել է Axios լրատվական հարթակը։
Վկայակոչելով բանակցություններին ծանոթ իր աղբյուրները՝ լրատվակնը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած՝ Գազայի շուրջ հաշտության առաջարկների մանրամասնությունները Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին են ներկայացրել Կատարի վարչապետ - արտաքին գործերի նախարար Մոհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին և Եգիպտոսի Ընդհանուր հետախուզության վարչության պետ Հասան Ռաշադը։ Նրանք ՀԱՄԱՍ-ին կոչ են արել համաձայնվել ԱՄՆ պլանին:
Հրապարակման մեջ ասված է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը խոստացել է «բարեխղճորեն ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկությունները»։
Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկացիներն ու իսրայելացիներն ակնկալում են, որ ՀԱՄԱՍ-ն ընդհանուր առմամբ հավանություն կտա պլանին, թեև՝ որոշ վերապահություններով։ Հոդվածում նշվում է, որ Կատարի վարչապետը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ասել է՝ չի կարողանա նրանց համար ավելի բարենպաստ պայմանների հասնել։