Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու հենց առաջին օրվանից իր թիրախում է պահել ազատ լրատվամիջոցներին։ Այս տարիներին ամենատարբեր նախաձեռնություններով փորձեցին սահմանափակել ազատ լրատվամիջոցների աշխատանքը, որպեսզի կարողանան կառավարել հանրային տրամադրությունները և անհրաժեշտության դեպքում մանիպուլացնել հանրության լայն զանգվածներին։
Այս ընթացքում լրատվամիջոցների դեմ, որպես գործիք տարբեր կառույցներ և գործիչներ են օգտագործվել, որոնք կարծեք այդքան էլ արդյունավետ չեն եղել և չեն կարողացել լռեցնել ճշմարտության ձայնը։
Հիմա էլ հերթը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ինն է, որի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը՝ մասնագիտությամբ՝ իրավաբան:
Մատինյանն ու իշխանությունները պատրաստվում են առաջ բերել օրենսդրական մի նախաձեռնություն, որով փորձելու են տուժ-տուգանքներով վերահսկել օնլայն մեդիաները, որոնք հնարավորինս ազատ են գործում, քանի որ իրենց գործունեության համար չեն օգտվում հանրային մուլտիպլեքսից, այլ օգտագործում են համացանցը։
Այս նախաձեռնությունն այնքան վարկաբեկիչ է, որ անգամ իշխանության հլու հնազանդ ծառայող սորոսականները չեն մտել դրա տակ, բայց Էդմոն Մարուքյանի կինը հանգիստ սպասարկում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Մարուքյանի ընտանիքում կարծես ավանդույթ է իշխանություններին սպասարկելը։ Եվ քանի որ Էդմոն Մարուքյանը գործուղվել է ընդդիմադիր դաշտ՝ կինը ստիպված է ամուսնու փոխարեն էլ արդյունք ապահովել։
Իշխանություններն իհարկե կարող են հասնել իրենց նպատակին և լրատվամիջոցներին ճնշելու ևս մեկ գործիք կունենան, բայց դա դժվար, թե հնարավորություն տա Մարուքյանին և իր կնոջը ապագայում հանրության մեջ երեսատեղ ունենալ։ Նիկոլ Փաշինյանը մի օր հեռանալու է ու դժվար թե Մարուքյանին ու կնոջը հետը տանի։ Ժամանակը ամեն բան իր տեղն է դնելու։