Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ մինչ...

ԵԱՀԿ Մինսկի խումբը կդադարի գոյություն ունենալ դեկտեմբերի 1-ից։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Լիակատար աջակցություն հայտնելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծելով «օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռնարկված չափազանց կարևոր քայլերը», Էլինա Վալտոնենը նշել է խաղաղության համար Հայաստանի շարունակական հանձնառությունը, «չնայած խոչընդոտներին»։

Վալտոնենը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ որոշման համաձայն՝ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը և այն կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։ Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք ուղղություններով։ «(Ընթանում է) Խաղաղության կարևոր գործընթաց և (անհրաժեշտ է) շարունակել խոստումնալից քայլերը», — նշել է նախարարը՝ հավելելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել գործընթացին։

Նա հայտնել է, որ իր այցի ընթացքում ուրախ է եղել տեսել, թե ինչպես են իշխանությունները բաց մոտեցում ցուցաբերում քաղաքացիական հասարակության հետ աշխատելու հարցում, որը ժողովրդավարության հիմքն է։ «Որպեսզի քաղաքացիները կարողանան որոշումներ կայացնել և ընտրություն կատարել», — բացատրել է Վալտոնենը՝ հույս հայտնելով խորացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ տնտեսության, խաղաղության և բարգավաճման ոլորտներում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ լուծարման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Էլինա Վալտոնենը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել խաղաղությանը և որ համագործակցությունն այսուհետ կկենտրոնանա տնտեսական, բնապահպանական և կլիմայական հարցերի վրա։