
Ձյան տեղումներին պատրաստ էինք, նախապես նախապատրաստվել էր ամբողջ տեխնիկան, շարժակազմը, մոբիլիզացվել է 38 մասնագիտացված մեքենա մեխանիզմ, զրահամաքրման և հարակից տարբեր տրամաչափերի այլ մեքենա մեխանիզմներ: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը:
«Ընդհանուր առմամբ, թվով 80 միավոր տեխնիկա է եղել, ինչպես նաև մաքրման աշխատանքներին մասնակցել են սանիտարական մաքրման 300-ից ավելի աշխատողներ, ունեցել ենք բավարար աղի և ավազի քանակ պահեստավորված նախապես, տեղումների օրերին՝ հատկապես 22-ին և 23-ին, շարունակվել է աղի կոմբինատից և ավազի հանքից նյութերի ներկրումը»,- ասաց նա:
Ըստ Արեյանի՝ տեղումների 1-ին օրը՝ 21-ի լույս 22-ի գիշերն ունեցել ենք դժվարություն մայրաքաղաքում՝ հատկապես դեպի հյուսիսային գոտի բարձրացող փողոցները:
«Արվել է առավելագույնը, որ քաղաքը զերծ պահենք դժվարություններից, սակայն օբյկտիվորեն պետք է ասեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով 4 ժամ տևողությամբ ունեցել ենք խցանումներ, դժավարանցանելի փողոցներ, պատճառները եղել են ձյան առատ տեղումները և եղանակի կտրուկ փոխվելը: Ձյան տեղումների պատճառներով տեխնիկան հայտնվեց խցանումների մեջ և չկարողացավ ժամանակին հասնել փողոցներ, ասել, որ պատրաստ չէինք նախապես, ճիշտ չի լինի, արդար չի լինի»,- շեշտեց նա: