Դժոխքը ծածկել են հրավառությամբ ու գույնզգույն...

2020 թվականի աղետալի պարտությունից հետո և հատկապես 2021 թվականի ընտրություններում Փաշինյանի հաղթանակը ամրագրելուց հետո, իշխանությունները լծվել են Հայաստանը համերգներով խեղդելու գործին։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում այս նպատակի համար ։ Նախորդ տարի նույնիսկ 6 մլն դոլար քամուն տվեցին։ Ցանկանում էին ամերիկացի թմրամոլ ռեփեր Սնուփ Դոգի համերգը կազմակերպել, փողն արդեն վճարված էր, բայց սկսվեց Արցախի հայաթափումը և համերգը չեղարկվեց։ Տարվա ընթացքում մեծ շուքով նշում են բոլոր քաղաքների տոները։ Այս նպատակով ևս ահռելի գումարներ են ծախսվում։

Մարդկանց համար անհասկանալի է, թե ինչու՞ են իշխանությունները տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսում համերգների վրա, երբ պետությունը տարական անվտանգության խնդիր ունի։ Ում են պետք համերգները, երբ զինվորական կացարանի բացակայության պատճառով զինվորները քնում են ինչ որ մարագում, որը հրդեհվում է ու 15 զինվոր է ողջ-ողջ այրվում։ Պատասխանը շատ պարզ է։ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը մշտապես աղետալի հարվածներ է ստանում, կորուստներ է ունենում և, որպեսզի հանրության  զգալի մասը դա չնկատի՝ կազմակերպվում է գունավոր այս քողածածկույթը։ Դժոխքը ծածկել են հրավառությամբ ու գույնզգույն լույսերով, որպեսզի մարդիկ չտեսնեն, չհասկանան, թե իրենց ուր է տանում Նիկոլ Փաշինյանը։ Սա է անհասկանալի այս համերգների, տոնախմբությունների, քեֆ-ուրախությունների դրդապատճառը։