
Թմրանյութ վաճառողները տելեգրամյան ալիքներով Հայաստանում նոր մեխանիզմ են կիրառում՝ մարիխուանայի վաճառքն իրականացնում են կրիպտոարժույթի փոխանակման միջոցով։ Դրանցից մեկը՝ «Կանաչ» ալիքը, վերջին շաբաթներին ակտիվորեն գովազդվում է ինստագրամում՝ նշելով, որ մարիխուանան հասանելի է ոչ միայն Երևանում, այլև մարզերում, գրել է «Հետքը»։
«Կանաչ» տելեգրամյան ալիքն առաջարկում է գնել մարիխուանա: «Ինստագրամ»-ի գովազդի հղումը տանում է տելեգրամյան «Կանաչ» (ներկայանում է նաև «Կանաչուտ» անունով) ալիք:
Տելեգրամյան ալիքն այս պահին ունի 97 հետևորդ: Հոկտեմբերի 9-ին հետևորդների թիվը 68 էր: Ըստ ալիքում արված առաջին հրապարակման՝ «Կանաչի»-ն գործում է արդեն 6 տարի: Բայց տելեգրամյան այդ ալիքը ստեղծվել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին: Առաջին գնման համար ալիքը 10 տոկոս զեղչ է խոստանում, իսկ գնում անելու համար առաջարկում են անձնական նամակով գրել «Կանաչ» տելեգրամյան հաշվին:
Մենք գրեցինք ու ներկայացանք որպես գնորդ: Վաճառողը նախ ճշտեց, թե արդյոք ինստագրամյան գովազդով ենք գտել էջը։ Որից անմիջապես հետո ուղարկեց այսպես կոչված «մենյուն»՝ չորս տարբերակով՝ կես գրամը՝ 27 դոլար, 1 գրամը՝ 47 դոլար արժողությամբ։ Ասաց, որ ապրանքի որակը «քաղաքի ամենալավերից» է։ Վաճառողը միանգամից առաջարկեց կես գրամի համար գրել «չենջին» (կրիպտոարժույթի փոխանակման էջ) 27 դոլարի դաշ (կրիպտոարժույթի տեսակ) փոխանցելու համար։ Որից հետո ուղարկեց կրիպտոարժույթի փոխանակման էջերի ցուցակ։ Դրանք վեց տելեգրամյան հաշիվներ ու էջեր են՝ @coinland_operator, @BitcoinOperator, @AM_TT_Change, @Ka_Btc, @kokochange, @Exchange777arm, որոնք զբաղվում են կրիպտոարժույթի գովազդով ու փոխանակմամբ։ Հարցին՝ թե ինչո՞ւ չեն ուղիղ փոխանցումով աշխատում, վաճառողը պատասխանեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով են այդպես աշխատում։ Նա նաև հավելեց, որ ամբողջ քաղաքն այդպես է գնում։