Դեսպան. Ռուսաստանն անկեղծորեն թանկ է գնահատու...

Ռուսաստանը անկեղծորեն թանկ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են դարավոր մշակութային ու քաղաքակրթական կապերը և հոգևոր մտերմությունը։ Եվ այս փաստը չի կարող չեղարկվել պատմությունը վերաշարադրելու որևէ փորձով։ Այս մասին Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր հանդիպմանն ասել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Չնայած այն հանգամանքին, որ Օշականի ճակատամարտին նվիրված պարբերությունը հանվել է Հայաստանի պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքից, մենք միշտ հիշելու և մեծարելու ենք հերոսներին, և այսօրվա միջոցառումը պերճախոս վկայություն է, որ նրանք միշտ կմնան մեր ժողովուրդների սրտերում»,- վստահեցրել է Կոպիրկինը։

Ինչպես ընդգծել է դեսպանը, չնայած պարսկական բանակի թվային բազմակի գերազանցությանը, ռուս-հայկական ջոկատը հաղթեց և ապացուցեց, որ մեկ նպատակով համախմբվածները հզոր ուժ են և կարող են գոյատևել ու հաղթել ցանկացած պարագայում։ «Համոզված եմ, որ դարեր են անցնելու, բայց հայոց հողի քաջարի պաշտպանների չմարող փառքը հավերժ կմնա մեր ժողովուրդների հիշողության մեջ՝ որպես արիության և հերոսության վառ օրինակ»,- եզրափակել է դեսպանը։