Դեսպան Մկրտչյանը Հունաստանի միգրացիայի նախարա...

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարակիսի հետ։  Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական համագործակցությունը միգրացիայի  ոլորտում կդառնա առավել ակտիվ և արդյունավետ:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է միգրացիայի ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության որոշ ուղղությունների վրա: Փոխադարձ կարեւորվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի Միության միջև առանց թույլվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկող արձանագրության» նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի  մեկնարկի հարցը։

Քննարկվել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության և Հունաստանի միգրացիայի նախարարության միջև համագործակցության ու փորձի փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր՝ կարևորելով և օգտակար համարելով հունական կողմի ունեցած փորձը միգրացիոն ոլորտում:

Դեսպանը նշեց նաև, որ 2022 թ. հունվարի 1-ից  միգրացիոն ծառայությունը գործարկել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային համակարգը, ինչը կարող է հետաքրքիր լինել հունական կողմի համար։

Հույն նախարարը դրական արձագանքելով դեսպանի առաջարկներին՝ հույս է հայտնել, որ ճանաչողական հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի: Նախարարը խոստացել է ներդնել առավելագույնը երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար: