Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շարունակում են անհանգստացնել այն կադրերը, որոնք իր կառավարություն են եկել նախորդ իշխանությունների ձևավորած կառավարության կազմից։ Փաշինյանին հատկապես անհանգստացնում են այն կադրեր, որոնք, չնայած ՀՀԿ-ական իշխանությունների հետ նախկին կապերին, միևնույնն է՝ շարունակում են բարձր վարկանիշ ունենալ։
Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք գրել էինք, որ Փաշինյանին անհանգստացնում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վարկանիշը։
Այսօր մեր խմբագրությունը նամակ ստացավ, որի համաձայն Փաշինյանը առաջիկայում պատրաստվում է ազատվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից և նրան ամենահավանական փոխարինողներից մեկը ՊՆ ներկայիս փոխնախարար Մակար Ղամբարյանն է, ում համար միջնորդում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Փորձեցինք մեր աղբյուրների միոջոցով ճշտել տեղեկատվության իսկությունը։ Ըստ մեր աղբյուրի Դավիթ Տոնոյանից ազատվելու սցենար քննարկվում է։ Թեկնածուներից մեկն էլ իրականում Մակար Ղամբարյանն է, այս պահին սակայն դժվար է ասել, թե կոնկրետ ով կփոխարինի նախարարին։
Ի դեպ, հետաքրքիր է, որ Դավիթ Տոնոյանը մինչ վերջին օրերի զարգացումները վստահ է եղել, որ իր խնդիրները լուծել է, քանի որ ազատվել է իր վաղեմի հակառակորդ, ԳՇ պետ Արտակ Դավթյանից։ Բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ և հիմա Տոնոյանն ինքն է հայտնվել վարչապետ Փաշինյանի թիրախում։



