Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին նկատողություն հայտարարվեց։ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը,տույժի տեսակին դեմ են եղել դատավոր անդամներ Անի Մխիթարյանը և Միքայելյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից 2021թ մայիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության փուլում գտնվող քրեական գործերից մեկով կայացված դատական ակտը, որով դատավորը մերժել էր անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արդարադատության նախարարությունը գտնում է, թե, իբր, այդպիսով դատարանը գնահատական է տվել մեղադրանքին։
Աղբյուր` Փաստինֆո



