Դաշնակցականների անդաստիարակ պահվածքը պատիվ չի...

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ վերջին օրերի ակցիաներին և իր հրաժարականի պահանջին.«Սրանք քաղաքական գործընթացներ են: Բարեփոխումների ծավալը մեծ է, և կլինեն խմբեր, որոնք կարող են նաև նման պահանջներ դնել: Նորմալ գործընթաց է: Մենք պատրաստ ենք այս խմբերին ընդունել, իրենց պահանջները լսել, բացատրել, բայց ես երեկ հասկացա, որ նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում»:
Հարությունյանը նշեց, որ պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, որ իր լիազորությունները բավարար չեն.«Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ, տարբեր իրավիճակներ կարող են լինել»:

Հարցին՝ ինչո՞ւ է աղմկում դաշնակցությունը, նախարարը պատասխանեց.«Ես երեկ առիթ ունեցել եմ արձագանքելու: Ուզում եմ դիմել ոչ Հայաստանում ապրող դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեղ կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»:
Հարությունյանի կարծիքով՝ նախորդ տարվա իրադարձություններից հետո դաշնակցականներն այլ կեցվածք պետք է դրսևորեին.« Նախ հասկանային, թե ինչու մերժվեցին հասարակության կողմից և երկրորդը՝ փոխեին անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությանը»:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանից դուրս գտնվող դաշնակցականներն ավելի ադեկվատ են: Նա նաեւ հավելեց, որ պատրաստվում է երեկ՝ դաշնակցականների բերված արկղերի մեջ քրեական գործեր լցնել.«Որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկել իրենց»: Հարցին՝ ո՞ւմ մասին է խոսքը գնում, Հարությունյանը նշեց. «Խոսքը Լևոն Մկրտչյանի մասին չէ, այլ իրենց համակարգի»: