Համացանցում շրջանառվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը խմբերից մեկում, որտեղ նա հետաքրքրվում է «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայի տեխնիկական տվյալների մասին։
Որոշ օգտատերեր կասկած են հայտնում Իոանիսյանի դրամական միջոցների ծագման մասով։ Նրանց մոտ հարց է առաջանում, թե հասարակական գործունեությամբ զբաղվող անձը ինչպես է կարողանալու «Ֆոլքսվագեն Տուարեգ» գնել։
Այս հարցի շուրջ Politik.am-ը զրուցեց Դանիել Իոաննիսյանի հետ։ Մեր զրուցակիցը հաստատեց տեղեկատվությունը, որ մեքենա է փնտրում․ «Երևի գիտեք, որ 2020 թվականի հունվարից հին մեքենաների մաքսատուրքերը էապես աճելու են: Եվ այդ պատճառով ես ուզում եմ այս տարի փոխել իմ 1997 թվականի արտադրության մեքենան, քանի որ հետո դա չեմ կարողանա անել: Մեքենան, որ փնտրում եմ, մոտ 7 հազար դոլար արժի: Ընդ որում, խնայողություններս կհերիքեն միմիայն մի մասին ու ստիպված եմ լինելու նաև վարկ վերցնել կամ հին մեքենաս վաճառել։ Իմ բոլոր եկամուտները մաքուր են: Բոլոր եկամուտներից միշտ վճարել եմ հարկերը: Հիմնականում դրանք «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ստացածս աշխատավարձն ու տարբեր տեղեր կարդացածս դասախոսությունների հոնորարներն են»,-ասաց Իոաննիսյանը:



