Դանիայի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ բոլորը, այդ թվում և Միացյալ Նահանգները, հարգեն Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականությունը։ Հայտարարությունն արվել է այն բանից հետո, ինչ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ բանագնաց նշանակեց Գրենլանդիայի հարցով։
ԱՄՆ նախագահը վերջին ամիսներին բազմիցս հանդես է եկել դանիական տարածք համարվող Գերնլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու նախաձեռնությամբ։
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը կարճ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Գրենդլանդիայի հարցերով հատուկ բանագնացի նշանակումը վկայությունն է դանիական տարածքի նկատմամբ ամերիկյան կողմի շարունակվող հետաքրքրության։
«Այնուամենայնիվ, մենք պնդում ենք, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պետք է հարգանք ցուցաբերեն Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ», - հավելել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին։ «Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը»,- գրել էր ԱՄՆ ղեկավարը Truth Social-ում։
Լենդրիին իր հերթին X-ում արած գրառմամբ շնորհակալություն է հայտնել նշանակման համար՝ նշելով․ «մեծ պատիվ է ծառայել Ձեզ այս կամավոր պաշտոնում՝ դարձնելու Գրենլանդիան ԱՄՆ մաս»։



