ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկի, եթե Ռուսաստանն իր նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին սեփական միջոցներից 1 միլիարդ դոլար հատկացնի։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Եթե դա նրանց գումարն է, դա հիանալի է», - ասել է Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց հետո Վաշինգտոն վերադառնալիս։
Թրամփը, սակայն, չի մանրամասնել՝ արդյոք դեմ է, որ ռուսական կողմն այդ գումարը տրամադրի սառեցված ռուսական ակտիվներից։
Լրագրողի հարցին, թե արդյոք կոնկրետ այս առաջարկի մասին տեղյա՞կ է, Թրամփը սկզբում ասել է, որ տեղյակ չէ, ապա հավելել է. «Դա շատ հետաքրքիր է»։
Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի հիմնադրման արարողությունը և կանոնադրության ստորագրումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Թրամփի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին 1 միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից սառեցված ռուսական ակտիվներից։



