«Չկան պատճառներ, որ Երևանը մերժի մեր առաջարկը...

Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա՝ Հայաստանում, և ստեղծված իրավիճակում չի տեսնում որևէ պատճառ, որ Երևանը մերժի այս առաջարկը։ Այս մասին Բաքվում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հիշեցրել է, որ «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Իլհամ Ալիևին։

Նրա խոսքով՝ նախկինում անցկացվել է երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և 2024 թվականին՝ Թուրքիայում։

«Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպումը կազմակերպելուց հետո կհամաձայնվենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, մենք չկարողացանք համաձայնության գալ. հայկական կողմը չհամաձայնվեց այս հաջորդականությանը», - նշել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակն այսօր զգալիորեն փոխվել է, և Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն արդեն մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։

Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը և աջակցում է «3+3» ձևաչափով հանդիպումները նախ՝ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում անցկացնելու առաջարկին։

Հիշեցնենք, որ «3+3»-ը Արցախի 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։