Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի կամայական զավթմանը և անօրինական միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ անդրադառնալով վենեսուելական նավթատար նավի հետ կապված միջադեպին։
«Ամերիկյան կողմի՝ օտարերկրյա նավերը կամայականորեն կալանավորելու գործողությունները լրջորեն խախտում են միջազգային իրավունքը», - ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Պեկինը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն միջազգային իրավական հիմք և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ։
Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև այլ պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Չինական կողմն աջակցություն է հայտնել Վենեսուելայի անկախ զարգացման և նորմալ միջազգային համագործակցության իրավունքին։
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական նավթ տեղափոխող պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավի նկատմամբ հսկողություն հաստատելու մասին և նշել, որ Միացյալ Նահանգները պլանավորում է պահել նավթը։



