Չինաստանը կողմ է, որ Բելառուսը ԲՐԻԿՍ գործընկե...

Բելառուսը հուսով է, որ ԲՐԻԿՍ-ում նոր կարգավիճակ կստանալ միավորման գագաթնաժողովում, որը տեղի կունենա հոկտեմբերին Կազանում:

Չինաստանն աջակցում է Բելառուսի` ԲՐԻԿՍ-ի գործընկերոջ կարգավիճակ ստանալու հայտին։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն` ամփոփելով Չինաստանի և Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ Վան Իի և Մաքսիմ Ռիժենկովի բանակցությունների արդյունքները։

«Վան Ին հաստատել է, որ Չինաստանն աջակցում է Բելառուսի հայտին՝ որպես հերթական քայլ միավորմանն անդամակցության ճանապարհին», - հաղորդագրության տեքստը մեջբերում է «Բելտա» գործակալությունը:

Բանակցությունների ընթացքում կողմերը աջակցություն են հայտնել բազմաբևեռ աշխարհակարգին, անընդունելի են համարել երկրների ներքին գործերին միջամտելն ու անօրինական ճնշումները, պայմանավորվել են այդ հարցերը համատեղ առաջ մղել միջազգային ասպարեզում:
Որոշվել է նաև շարունակել աշխատանքը Բելառուսի կողմից առաջարկված 21-րդ դարի բազմաբևեռության և բազմազանության խարտիայի շուրջ, որի քննարկումը նախատեսվում է այս տարվա աշնանը Մինսկում կայանալիք եվրասիական անվտանգության հարցերի խորհրդաժողովում: