ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կարծում է, որ Եվրամիության խորը տնտեսական կապերը Չինաստանի հետ սահմանափակում են Բրյուսելի հնարավորությունները՝ ճնշում գործադրելու Պեկինի վրա՝ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում նրա դիրքորոշման համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Բրյուսելում գործակալության կողմից անցկացված միջոցառման ժամանակ Կալասը հայտարարել է, որ Չինաստանը «կարող է նաև վնաս հասցնել, և սա է խնդիրը»։
«Եթե դուք պատրաստ չեք վճարել այն գինը, որը նրանք ձեզ պարտադրում են, ապա դժվար կլինի գործել», - հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Կալասի խոսքով՝ «Չինաստանը շատ խելացի է գործել՝ իրապես ամրապնդելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը», և ԵՄ-ն «կվճարի», եթե սկսի հետապնդել Չինաստանին և պատժամիջոցներ սահմանի նրա դեմ։
Կալասը կոչ է արել դաշնակիցներին համատեղ դիմակայել Չինաստանին՝ նշելով, որ Պեկինի գործողությունները վերաբերում են նաև ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, Ճապոնիային և այլ երկրների։
«Խնդիրն այն է, որ մենք միասին չենք գործում», - հավելել է նա։
Bloomberg-ը հիշեցնում է, որ Բրյուսելը փորձում է ստիպել Պեկինին այլևս չօգնել Մոսկվային պատժամիջոցներից խուսափելու հարցում։ Գործակալությունն ընդգծում է, որ հոկտեմբերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթում հայտնվել է չինական 12 ընկերություն։



