
Չինաստանի Գույչժոու նահանգի Գույյան քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը մահապատժի է ենթարկել երեխաների թրաֆիքինգի համար մեղադրվող 61-ամյա Յու Հուայինին։ Գործի նյութերի համաձայն՝ չինուհին առևանգել և վաճառել է առնվազն 17 երեխայի, գրում է kommersant.ru-ն։
Կինը մահապատժի էր դատապարտվել 2024-ի հոկտեմբերին: Այն ժամանակ նա հրաժարվել էր ընդունել մեղքն ու փորձել էր բողոքարկել վճիռը, սակայն դատարանը վճռել էր մերժել բողոքն ու ուժի մեջ թողնել վճիռը:
Յու Հուայինն արդեն դատապարտվել է երեխաների թրաֆիքինգի համար։ 2004 թվականին նա կալանավորվել էր անմիջապես հանցագործություն կատարելու ժամանակ, սակայն նրան հաջողվել էր իրեն ներկայացնել որպես այլ անձ։ Այն ժամանակ դատարանը նրան դատապարտել էր ութ տարվա ազատազրկման, սակայն 2009 թվականին նրա պատժաչափը կրճատվել էր երեք տարով։
2022 թվականին Յան Նիուհուան, որին չինուհին առևանգել էր 1995 թվականին, դատի էր տվել նրան։ Քննչական միջոցառումների արդյունքում հնարավոր էր եղել բացահայտել Յու Հուայնի ամբողջ հանցավոր ցանցը։ Սկզբում նրան մեղադրում էին 11 երեխայի առևանգման և վաճառքի համար։ 2024 թվականի հոկտեմբերին իշխանությունները պարզել են, որ նրա գործողությունների զոհ է դարձել առնվազն 17 մարդ։