Չինաստան-Կենտրոնական Ասիա առաջին բեռնատար գնա...

Հյուսիսային Չինաստանի Տյանցզին մեգապոլիսի Տյանցզինյան կոնտեյներային կենտրոնի կայարանից դեպի Բաքու է ուղևորվել Չինաստան-Կենտրոնական Ասիա առաջին բեռնատար գնացքը, որն ընթանում է անդրկասպյան երթուղով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Չժանգոտվող պողպատե խողովակներով և կենցաղային տեխնիկայով բեռնված այս շարժակազմը կառավարվում է «Չինական երկաթուղիներ» կորպորացիայի պեկինյան մասնաճյուղի կողմից։ Այն կհատի պետական սահմանը Հորգոս անցակետում (Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան, Հյուսիսարևմտյան Չինաստան) և կժամանի Ղազախստանի Ակտաու նավահանգիստ, որտեղից բեռները ծովով կհասցվեն Բաքու։

Այս նոր երթուղին ստեղծում է կայուն և արդյունավետ բեռնափոխադրման ուղի, որը կապում է Տյանցզինը Ադրբեջանի, Ղազախստանի և այլ երկրների հետ, նշել է Տյանցզինյան կոնտեյներային կենտրոնի ներկայացուցիչ Յան Ցզյունյունը։

Նրա հաղորդմամբ՝ գնացքը կանցնի շուրջ 7 հազար կմ տարածություն և Բաքու կժամանի մոտավորապես 20 օրից, ինչը թույլ է տալիս խնայել մոտ 10 օր՝ ավանդական ծովային փոխադրումների համեմատ։

Բաքու քաղաքը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու հանգուցային կետն է։ Բաքու հասնելուն պես այս բեռները կարող են տեղափոխվել Թուրքիա և այլ նշանակման վայրեր։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ընթացքում Տյանցզինյան կոնտեյներային կենտրոնը սպասարկել է Չինաստան-Եվրոպա (Չինաստան-Կենտրոնական Ասիա) ուղղությամբ ընդհանուր առմամբ 390 բեռնատար գնացք, ինչը 38 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։