Չի բացառվում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմի նաեւ...
ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բլրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց, որ ամենեւին չի բացառվում, որ Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին՝ 4-րդ հոդվածով նախատեսված խնդրի առնչությամբ։ Պատգամավոր Ռուբինյանն անդրադարձավ ընդդիմադիր դաշտից հնչած այն կարծիքներին, թե ինչու պետք է դաշնակիցները օգնեն, եթե հայկական կողմը չի կրակում։ Նա մասնավորապես ասաց, որ դաշնակիցներն են կոչ արել և անում չսրել իրավիճակն ու խնդիրը փորձել լուծել դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով: Եվ երկրորդը՝ այն դաշնակցային ֆորմատները, որում Հայաստանը ներգրավված է, ունեն հստակ նախատեսված հոդվածներ՝ հստակ դեպքերի վերաբերյալ: «Եվ մենք, ոչ թե ոչ մի բան չանելով, խնդրում ենք մեզ օգնել, այլ մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով: Ընդ որում, խոսքը վերաբերում է և ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածով դիմելուն և հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա վարչապետի նամակին: Եվ մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները կաջակցեն մեզ այս հարցը լուծելու հարցում: Հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները՝ ես չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին և ոչ միայն»,-մանրամասնեց պատգամավոր Ռուբինյանը։ Վերջինս նաեւ արձանագրեց, որ նախորդ օրը ադրբեջանցիների արձակած կրակոցից մեր զինվորի մահը դժբախտ պատահար չէ, դա ադրբեջանական ագրեսիվ դրսևորումներից մեկն է: «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ադրբեջանական զինվորները պետք է հեռանան Հայաստանի սուվերեն տարածքից: Հայաստանը փորձում է և փորձելու է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ լուծումներ»,-ասաց Ռուբինյանը՝ նկատի ունենալով ռազմական լուծումը: Ռուբեն Ռուբինյանը ավելացրեց, որ Երեւանում ակնկալում են, որ Հայաստանի դաշնակիցները, որոնք Հայաստանի հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում` ռազմական, կաջակցեն այս գործընթացում:
«Ներկայիս ստատուս քվոն մեզ համար միանշանակ անընդունելի է, բայց օպերատիվ իրավիճակն այդ հատվածներում գտնվում է մեր զինվորների վերահսկողության ներքո»,-ասաց Ռուբինյանն ու շեշտեց, որ խնդիրը պետք է լուծվի: