Առնվազն 30 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել դեկտեմբերի 8-ի գիշերը Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին։ Նա ընդգծել է, որ այժմ զոհվածների կամ անհետ կորածների մասին տեղեկատվություն չկա:
Դեկտեմբերի 8-ի գիշերը 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Աոմորիի հյուսիսային պրեֆեկտուրայից արևելք: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ օջախն ընկած է եղել 50 կմ խորության վրա: Տեղի սեյսմոլոգները սկզբում հայտնել են 7,2 մագնիտուդի մասին, այնուհետև այն բարձրացրել են մինչև 7,6, բայց վերջին հաշվով սահմանել են 7,5 նշագիծը: Ստորգետնյա ցնցումներից հետո երկրի արևելյան և հյուսիսարևելյան ափի համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք. սեյսմոլոգները նախազգուշացրել են, որ Աոմորիի, Իվատեի և Հոկայդոյի պրեֆեկտուրաների ափամերձ գոտիով կարող է անցնել մինչև երեք մետր բարձրությամբ ալիք:
Երկրաշարժի պատճառով Ճապոնիայի ատոմային օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել:



