Ճապոնիան արդեն երկրորդ տարին անընդմեջ զիջում է դիրքերը խոշորագույն վարկատու երկրների ցանկում. երկիրն իջել է երրորդ հորիզոնական՝ տեղը զիջելով Չինաստանին։ Այս մասին գրում է «Bloomberg» գործակալությունը։
Ճապոնիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025 թվականի վերջի դրությամբ երկրի զուտ արտաքին ակտիվները կազմել են 3,5 տրիլիոն դոլար, մինչդեռ Չինաստանի ակտիվները նույն ժամանակահատվածում գնահատվել են 4 տրիլիոն դոլար։ Առաջին հորիզոնականը պահպանել է Գերմանիան՝ 4,24 տրիլիոն դոլար զուտ արտաքին ակտիվներով։
Ճապոնիան վարկանիշային աղյուսակի առաջին տեղը կորցրել էր դեռևս 2024 թվականի արդյունքներով։ Մինչ այդ՝ 34 տարի շարունակ ցուցակը գլխավորել է Տոկիոն։ Վարկատուների շարքին են դասվում այն երկրները, որոնց արտաքին ակտիվների և արտաքին պարտավորությունների միջև տարբերությունը դրական է։ Որքան բարձր է այս ցուցանիշը, այնքան ավելի շատ է երկիրը դիտարկվում որպես փոխառու միջոցների աղբյուր, այլ ոչ թե վարկառու։
Ինչպես նշում է գործակալությունը, այս ցուցանիշով Ճապոնիայի առաջատար դիրքերը ազգային արժույթին՝ իենին, ապահովում էին ներդրումային «ապահով հանգրվանի» կարգավիճակ, սակայն այժմ այդ կարգավիճակն այլևս այնքան էլ ակնհայտ չէ։ Գործակալության հարցումներին մասնակցած փորձագետները կարծում են, որ Ճապոնիայի զուտ արտաքին ակտիվների ծավալները դեռևս ահռելի են, բայց փոխված աշխարհաքաղաքական պայմանների հաշվառմամբ՝ բաց է մնում հարցը, թե արդյոք դա կարելի է դիտարկել որպես առավելություն։ Գերմանիան և Չինաստանը շարունակում են առաջատարներ տեղ զբաղեցնել այս ցուցանիշով, ինչը նրանք անում են արտաքին առևտրի դրական հաշվեկշռի շնորհիվ, մինչդեռ Ճապոնիայում այդ աճը զսպվում է ճապոնական ակտիվներում կատարվող օտարերկրյա ներդրումների պատճառով, նշում է գործակալությունը։



