Բուլղարիայի Ազգային ժողովն ընդունել է վարչապետ Ռոսեն Ժելյազկովի գլխավորած կառավարության հրաժարականը. 227 պատգամավորները միաձայն քվեարկել են այդ որոշման օգտին:
Պատգամավորների քվեարկությունն ուղիղ եթերում հեռարձակվել է Բուլղարիայի խորհրդարանի կայքում։
Կառավարության հրաժարականի դիմումը խորհրդարան է ներկայացվել դեկտեմբերի 11-ին:
Ժելյազկովի կաբինետը կկատարի իր պարտականությունները մինչև Բուլղարիայում նոր կառավարության ձևավորումը: Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին, որոնք երկրի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել «Շարունակում ենք փոփոխությունները» դաշինքի, «Դեմոկրատական Բուլղարիա» կոալիցիայի և ընդդիմության այլ ներկայացուցիչների նախաձեռնությամբ:
Ժելյազկովը վարչապետ էր ընտրվել 2025 թվականի հունվարի 16-ին:
Կառավարության հրաժարականից հետո նախագահ Ռումեն Ռադևը պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանում ներկայացված քաղաքական միավորումների հետ, իսկ այնուհետև պատգամավորներին տրամադրի երեք փորձ նոր կառավարություն ձևավորելու համար: Եթե քաղաքական գործիչները չկարողանան համաձայնության գալ, ապա պետության ղեկավարը կձևավորի տեխնիկական կառավարություն և կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր։



