![Բուհեր ունենք, որոնք էական առաջընթաց են ապահո...](/imgs/posts/medium/2025/02/8deb5a6.jpeg)
Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք և հենց այդ պատճառով է, որ կրթության զարգացման պետական ծրագրով խնդիր ենք դրել բարձրացնել մրցունակությունը և ունենալ մինչև չորս բուհ 500 լավագույն բուհերի շրջանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում հնարավո՞ր է ստանալ որակյալ բարձրագույն կրթություն:
«Այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, արդեն տեսնում ենք բավականին լուրջ առաջընթաց տարբեր բուհերի շրջանում: Եթե դուք վերցնեք և նայեք, օրինակ, ինչպես է աճել մեր տարբեր բուհերում գիտական հրապարակումների թիվը։ Բուհեր ունենք, որոնք էական առաջընթաց են ապահովում։ Ունենք բուհեր, որոնք իրենց ատեստավորման ներքին համակարգերն են դնում, որպեսզի կարողանան դասախոսական կազմը ավելի որակյալ և մրցունակ հավաքել»,-ասաց նա:
Հարցին՝ դա՞ է հաշվի առել, որ իր երեխայի կրթությունը արտերկրում է կազմակերպել, նախարարն ասաց. «Ես կարծում եմ՝ ես այս հարցին արդեն պատասխանել եմ և ավելացնելու ոչինչ չունեմ, որովհետև այդ հարցը սպառված եմ համարում»: