
Նիկոլ Փաշինյանի իշխանությունները, օգտագործելով իրենց ենթակա՝ այսպես կոչված, իրավապահ համակարգը, սկսել են իրական ահաբեկչական գործողությունների շարք՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմադիր գործիչների դեմ։ Այսօր արդեն կան տասնյակ կալանավորվածներ, այդ թվում՝ Բագրատ և Միքայել սրբազանները, ինչպես նաև գործարար-բարերար Սամվել Կարապետյանը։
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգով անձեռնմխելիությունից զրկվեցին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը և Արթուր Սարգսյանը։
Արդեն մի քանի օր է, ինչ իշխանությունները տեղեկատվական դաշտում նախապատրաստում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից զրկելու և այնուհետև կալանավորելու հիմքերը։
Մեր տեղեկություններով՝ փորձ է արվել կալանավորել Իշխան Սաղաթելյանին՝ հորինված «ահաբեկչության նախապատրաստման» գործի շրջանակում։ Սակայն առկա հիմքերի բացարձակ բացակայության պատճառով։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրաժարվել այս հարցով հիմա ներկայանալ Ազգային ժողով։ Վարդապետյանը քաղաքական իշխանությանը առաջարկել է սպասել, մինչև հնարավոր լինի կարել ավելի «հարմար» գործ։
Իշխան Սաղաթելյանի հարցում իշխանությունները հատկապես վճռական են տրամադրված։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նրանց համար «ոսկոր է կոկորդին»։ Նա հայտնվել է թիրախում ոչ միայն իր ներքաղաքական գործունեության, այլև միջազգային ակտիվ հանդիպումների և բարձրացվող հարցերի պատճառով։
Վեց օր առաջ Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Յանիս Մանիատիսի, ինչպես նաև Հայաստանի հարցերով զբաղվող պատգամավորներ Վիտենիս Անդրիուկայտիսի և Նաչո Սանչես Ամորի հետ։
Հանդիպումներին քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, Հայաստանի ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև անվտանգային հարցեր՝ կապված Ադրբեջանի ագրեսիայի, հայ ռազմագերիների պատանդառության և արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հետ։
Այս այցից առաջ Սաղաթելյանը եղել է եվրոպական այլ մայրաքաղաքներում և շարունակել հանդիպումները տարբեր երկրների օրենսդիր ու գործադիր ներկայացուցիչների հետ։ Նա նաև ակտիվ շփումներ ունի Իրանի պաշտոնական շրջանակների։ ՀՅԴ միջազգային կապերն ու ներկայացվածությունը աշխարհի տարբեր երկրներում ամրապնդում են այդ հարաբերությունները ու շփումները։
Ներկայում, մեր տեղեկություններով, Սաղաթելյանը գտնվում է Մոսկվայում։ Սա արդեն տարվա ընթացքում նրա հինգերորդ կամ վեցերորդ այցն է։ Շատ դեպքերում այդ այցերը չեն ուղեկցվել պաշտոնական հաղորդագրություններով։ Շաբաթներ առաջ «Հայելի» լրատվականը գրել էր, որ Սաղաթելյանը կարևորագույն հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ըստ էության՝ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ-ն ոչ միայն ներքաղաքական, այլ նաև արտաքին քաղաքական դաշտում գլխացավանք են Նիկոլ Փաշինյանի համար։ Հատկանշական է, որ արտաքին կապերը հստակորեն բալանսավորված են՝ թե՛ Ռուսաստանի, և թե՛ Արևմուտքի հետ։
Ահա այս դերակատարումն է, որ Սաղաթելյանին դարձնում է իշխանության կարևոր թիրախներից։ Իշխանությունները փորձելու են մեկուսացնել նրան՝ նվազեցնելու համար միջազգային հանրության տեղեկացվածությունը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, և թույլ չտալու, որ հայկական շահը պատշաճ կերպով ներկայացվի արտաքին ճակատում։