Բրիտանիան պատրաստում է գործողությունների թարմ...

Միացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ մտավախություն ունենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնել է Daily Telegraph թերթը։ Նրա տեղեկացմամբ՝ «ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Հոդվածում ասվում է, որ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ այնպիսի թեմաներ, ինչպիսին են «կաբինետի նախարարներին եւ թագավորական ընտանիքը պաշտպանելու բունկերները, հանրային հեռարձակումը եւ ռեսուրսների կուտակումը»: Հոդվածում նշվել է, որ պլանը, որը դժվար թե երբեւէ հրապարակվի, կներառի մի քանի սցենար, ներառյալ Մեծ Բրիտանիայի վրա հարձակումը ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռների օգտագործմամբ: Նաեւ առաջին անգամ կվերլուծվի կիբեռպատերազմի սցենար։ Պարբերականի տվյալներով՝ այն լուրջ սպառնալիք չի համարվել 2005թ., երբ մշակվել է ներկայիս պլանը։ Միաժամանակ, The Daily Telegraph-ը բազմիցս տեղեկացրել է, որ այս պլանի մշակման հիմնական պատճառը Ռուսաստանի կողմից հարձակման ենթադրյալ սպառնալիքն է։